Պատրաստութեան ընթացքի մէջ է։
գրախօսական

Խոստովանութիւններ

Դաւիթ Մոսինեան

Հարցազրոյց Խաչիկ Գրիգորեանի Հետ

Ձեր ղեկավարած Անկիւնաքար հրատարակչութիւնը հրատարակում է, մի կողմից, աստուածաբանական գրքեր՝ Օգոստինոս Երանելի, Գրիգոր Տաթեւացի, Կիւրեղ Ալեքսանդրացի, միւս կողմից՝ գիտնականների գրքեր՝ Հայզենբերգ, Էյլէր եւ այլն: Եւ նաեւ արժէ առանձնացնել բառարանների շարքը: Ինչ-որ դիտաւորութիւն եւ գաղափարական սկզբունք կա՞յ այդտեղ:

Մեր հրատարակչութիւնը գոյութիւն ունի 1998 թուականից: Մենք սկսեցինք բառարանների հրատարակումից, իսկ մէկ տարի անց աշխարհաբարով լոյս ընծայեցինք Գրիգոր Տաթեւացու Սողոմոնի գրքերի մեկնութիւնը: Արդէն 2002 թուականին լատիներէնից թարգմանաբար առաջին անգամ հայերէն հրատարակեցինք համաշխարհային աստուածաբանական գոհարներից մէկը՝ Օգոստինոս Երանելու Խոստովանութիւնները: Օգոստինոսի աշխատութիւններից ընդամենը ինչ-որ հատուածներ կային թարգմանուած արեւմտահայերէն՝ ամփոփուած Գիշերային խորհրդածութիւններ խորագրի ներքոյ1, բայց Խոստովանութիւնները ամբողջական չի թարգմանուել անգամ գրաբարով, թէեւ մեր Հայրերը դրական են վերաբերուել նրան: Տաթեւացու աշխատութիւններում, օրինակ, յիշատակւում է նա: Այսինքն՝ այս երկու ուղղութիւնները պայմանաւորուած են իմ անձնական նախասիրութիւններով: Կարելի է ասել՝ հրատարակչական գործունէութիւնը անձնական հետաքրքրութիւններիս շարունակութիւնն էր: Ի դէպ, երբ սկսեցինք բառարանների հրատարակումը, ակնյայտ բաց կար այդ ոլորոտում, յատկապէս փոքր բառարանների եւ ոչ միայն: Նաեւ ժամանակակից լինելու խնդիր կար: Անգլերէն-հայերէն վերջին բառարանը հրատարակուել էր 1984 թուականին: Խօսքը Ասմանգուլեանի յայտնի բառարանի մասին է, որի պատրաստումը սկսուել էր 50ական թուականներից: Իսկ մենք մեր առջեւ խնդիր դրեցինք՝ կազմել այսօրուայ բառապաշարն արտայայտող բառարան: Այսինքն՝ այնպէս ստացուեց, որ անձնական հետաքրքրութիւնը համընկաւ շուկայական պահանջի հետ: Նոյնը կարելի է ասել նաեւ աստուածաբանական գրականութեան հրատարակման մասին միայն մէկ տարբերութեամբ. սկզբում դանդաղ ու դժուարութեամբ էինք կարողանում լոյս ընծայել այդ գրքերը՝ պահանջարկ չկար: Բայց այժմ փոխուել է վիճակը: Այսօր մենք, կարելի է ասել, փորձում ենք լրացնել Մայր Աթոռի գործունէութիւնը, որը հիմնականում պատրաստում ու հրատարակում է բնագրային տեքստեր: Մենք աւելի շատ զբաղւում ենք այդ տեքստերի թարգմանութիւններով՝ ե՛ւ աշխարհաբար, ե՛ւ դէպի օտար լեզուներ: Մեր Եկեղեցին այսօր աշխարհում յանիրաւի թերագնահատուած է, քանի որ մարդիկ անտեղեակ են: Փորձում ենք լրացնել հէնց այդ բացը: Ինչ վերաբերում է գիտական, գիտահանրամատչելի գրքերի հանդէպ հետաքրքրութեանը, պիտի ասեմ, որ դա պայմանաւորուած է իմ կրթութեամբ. ես կրթութեամբ ֆիզիկոս եմ, Երեւանի պետական համալսարանի շրջանաւարտ: 

Այսինքն՝ ինքնուրո՞յն էք սովորել լատիներէն: Օգոստինոսի գիրքը թարգմանելու համա՞ր:

Այո՛: Միշտ հետաքրքրութիւն եմ ունեցել լեզուների նկատմամբ: Չասեմ, թէ կատարեալ գիտեմ լատիներէն, բայց այդ գիրքը թարգմանելու համար մի քանի ամիս յատուկ ուսումնասիրել եմ լեզուն: Շատ բաներ սովորել եմ յընթացս: Թարգմանութիւնս, իհարկէ, համեմատել եմ նաեւ անգլերէն եւ ռուսերէն տարբերակների հետ: Ասեմ, որ հայերէնն իր կրճատութեամբ, յստակութեամբ բաւականին մօտ է լատիներէնին, եւ մեր թարգմանութեան մէջ չկան այն աղաւաղումները, որ բնորոշ են յատկապէս ռուսերէն տարբերակին: Ռուսերէն թարգմանութիւնն աչքի է ընկնում շատ մեծ ազատութեամբ: Ես կ’ասէի՝ աւելորդ ազատութեամբ, որովհետեւ երբեմն շեղւում է բնագրից: 

Լատիներէնի մասնագէտները քիչ են Հայաստանում, չէ՞: Դպրոց չկայ կարծես որպէս այդպիսին, եւ յոյսը ինքնուսներն են:

Այո՛, իմ ճանաչածները մի երկու հոգի են: Եթէ ուրիշներն էլ լինեն, քիչ կը լինեն ամէն դեպքում: Բայց, անկեղծ ասած, բացի Օգոստինոսից չեմ գտնում լատինալեզու մի հեղինակ, որ կ’ուզէի թարգմանել: Ասենք՝ Թովմա Աքվինացին գիտական առումով շատ արժէքաւոր է, իհարկէ, բայց նրա աշխատութիւններում կան կաթոլիկական, քաղկեդոնական եւ նման այլ դրոյթներ, որոնք հայ ընթերցողի համար բացորոշման կարիք ունեն: Իսկ այդպիսի աշխատանք ես հիմա ի վիճակի չեմ անելու: Կարելի է անել, բայց կարծում եմ՝ արժէ ուժերն աւելի լաւ աշխատանքների վրայ կենտրոնացնել: 

Իսկ ինչո՞վ էք կարեւորել Օգոստինոսի աշխատութիւնը այսօրուայ հայ ընթերցողի համար:

Օգոստինոսի Խոստովանութիւնները, ըստ իս, զարմանալիօրէն սերտ նմանութիւն ունեն Նարեկացու Մատեանի հետ: Երկուսն էլ նոյն ժանրին են պատկանում՝ խոստովանութեան: Նման են նաեւ մարդու ներաշխարհի քննութեան առումով: Պարզապէս Օգոստինոսի աշխատութիւնն աւելի մատչելի է, դիւրըմբռնելի է: Պատճառներից մէկն էլ թերեւս այն է, որ Խոստովանութիւններն ինքնակենսագրական դէպքերի հետ է կապուած, նկարագրում է հոգեւոր զարգացումը մանրամասնօրէն: Նարեկացու բանաստեղծական գիրը շատ աւելի դժուար հասկանալի է եւ շատ աւելի ազդու է: Այսօրուայ մարդու համար իբրեւ հոգեւոր դաշտում առաջին քայլ Օգոստինոսը հասանելի ու մատչելի է: Այդ գիրքը սովորեցնում է մարդուն՝ քննել ինքն իրեն Աստծոյ առաջ: 

Խոստովանութիւնների այս թարգմանութիւնը երկրորդ անգամ է հրատարակուել: Ի՞նչ էք կարծում՝ գիրքը ընթերցուել է, թէ՞ Մատեանի պէս իբրեւ մասունք է տարածւում:

Վստահ եմ, որ ընթերցուել է: Իհարկէ, առաջին հրատարակութեան ժամանակ, ինչպէս եւ միշտ եղել է, գրքի շատ օրինակներ՝ շուրջ 150, նուիրել ենք տարբեր գրադարանների, անհատների: Բայց մնացած 350 օրինակը, վստահ եմ, որ կարդացուել է, քանի որ արձագանքներ ունենք, այդ թւում՝ Էջմիածնից: Հոգեւորականներից մէկը արձագանքել էր նաեւ ոճի հետ կապուած՝ ասելով, որ թարգմանութիւնը բաւականին չոր է, բայց շատ ճշգրիտ: Չգիտեմ՝ որքանով է այս դիտարկումը ճիշտ, բայց, այնուամենայնիւ, այն կայ: Եւ նման խորքային դիտարկումները ինձ հիմք են տալիս մտածելու, որ գիրքը ինչ-որ շրջանակներում կարդացուել է:

Մի հարց ունեմ վերնագրի թարգմանութեան հետ կապուած. լատիներէն Confessiones բառը ռուսները թարգմանել են եզակի թւով՝ Исповедь, որը կարծես սերում է յունարէն անհաշուելի գոյականից՝ ἐξομολογοῦμαί: Լատիներէն-ֆրանսերէն-անգլերէն եւ յունարէն-ռուսերէն տարբերակներում բառի հիմքում կայ ճանաչել, գիտելիք արմատը: Հայերէնում «խոստովանութիւն»ը կարծես թէ աւելի շատ կապւում է խօսքի հետ՝ խօսք տալու, ներքինը խօսքայնացնելու: Եթէ ներաշխարհի ճանաչմանն է վերաբերում խոստովանութիւնը, աւելի ճիշտ չի լինի՞ եզակի թւով թարգմանելը: Եւ ի վերջոյ՝ «խոստովանութիւններ»ը Confessionesի ճշգրիտ համարժէ՞քն է, թէ՞ երանգային տարբերութիւններ կան այնուամենայնիւ:

Մեր եկեղեցական գրականութեան մէջ այդ իրողութիւնը նկարագրող ուրիշ բառ չկայ: Խոստովանել, ապաշխարել՝ սա է: Ապաշխարութիւնը խոստովանութեան յաջորդ քայլն է: Անկեղծ ասած՝ չեմ կարող վստահաբար պնդել, որ պէտք է հետեւենք ստուգաբանութեանը: Այդ իրողութեան համար մենք աւանդաբար գործածել ենք խոստովանութիւն բառը: Եւ եթէ աւանդոյթը կայ, ես այդ հարցը իմ առջեւ չեմ էլ դրել: Իսկ վերնագիրը յոգնակի թւով է գրուած, որովհետեւ նա տարբեր բաներ է խոստովանում: Ես շատ տարասեռ իրողութիւններ եմ տեսնում նրա խոստովանութիւններում: Մի շարքը անձնական, երիտասարդական մեղքերի թուարկումն է եւ դրանց համար դառնօրէն ափսոսալը: Յետոյ 9րդ, 10րդ գլուխներում զարմանալիօրէն սկսում է մտածել տիեզերքի մասին: Ես չգիտեմ՝ այդտեղ որքան մասն է խոստովանական. դա աւելի շուտ կարելի է համարել տիեզերագիտական ուսումնասիրութիւն: Յատկապէս նրա ժամանակի ուսմունքը համարւում է ամենակարեւորներից մէկը, որտեղ նա ոչ այնքան իր մեղքերն է խոստովանում, որքան աշխարհի իր ընկալումն է առաջադրում, բացայայտում: Աստծոյ ստեղծած աշխարհը եւ ժամանակը, որի մէջ ծաւալւում են բոլոր իրադարձութիւնները, այնպիսին չեն, ինչպիսին մեզ թւում են: Ըստ Օգոստինոսի՝ ժամանակը ոչ թէ լուսատուների եւ այլնի շարժումն է, այլ ներքին իրողութիւն, որ չափում ենք հոգով: Կապ է ստեղծւում հոգու եւ ժամանակի միջեւ: Ընդ որում, կարծես ակնարկում է, որ հոգին աւելի բարձր է, քան ժամանակը, որովհետեւ նրա շնորհիւ է ժամանակը դառնում չափելի: Հոգին ի զօրու է չափելու, գնահատելու ժամանակը եւ հաւանաբար դուրս գալու դրա սահմաններից, քանի որ քրիստոնէական ուսմունքի համաձայն՝ մենք մի օր ազատուելու ենք ժամանակի կապանքներից: 

Համաձայն եմ, որ աւանդոյթը էականօրէն փոխում է իրավիճակը: Բայց ինձ հետաքրքրում է բուն իրողութիւնը: Եթէ վեր կանգնենք թարգմանութեան խնդրից, խոստովանութիւնը հաւատացեալի կամ ապաշխարողի կամ ինչ-որ մէկի մեղքերի յայտնումն է հոգեւորականին կամ խոստովանահօրը: Օգոստինոսի Խոստովանութիւններում մի կողմից՝ խօսք կայ Աստծուն ուղղուած,  բայց միւս կողմից՝ այդ զրոյցը հանրայնացնելու եւ հրատարակելու միտում կայ, քանի որ նա երբեմն դիմում է ընթերցողին (օրինակ՝ «Ուշադրութիւն դարձրու, ընթերցող, ով էլ որ լինես…», էջ 371): Ընթերցողը ինչպէ՞ս է յայտնւում այստեղ: Արտասովորութիւն չկա՞յ այստեղ: Թէ՞ «խոստովանութիւն» ասուածն այստեղ եկեղեցական ծանրաբեռնուածութիւն չունի: 

Խոստովանութիւնն ինքնին ենթադրում է նաեւ մարդկային էակի գոյութիւնը: Աւետարաններում էլ կայ այդ ձեւակերպումը՝ խոստովանեցէք զմիմիանս ձեր մեղքերը: Պօղոս Առաքեալն է ասողը: Աւետարանից սկսած, չգիտես ինչու, թէեւ կարելի է ենթադրել՝ ինչու, խոստովանութեան համար անհրաժեշտ է համարուել մարդու գոյութիւնը: Խոստովանողը ինչ-որ մէկին պիտի պատմի իր մեղքերը: Եւ այդ ինչ-որ մէկը սովորաբար հոգեւորականն է: Բայց այս դէպքում Օգոստինոսն իր խոստովանութիւնն ի սպաս է դնում ուրիշների համար, օրինակ է ծառայում, ընթերցողների մի մեծ լսարանի ցոյց է տալիս, թէ ինչպէս պէտք է խոստովանել: 

Թարգմանելիս բովանդակային ի՞նչ բարդութիւններ, դժուարութիւններ են եղել, յատկապէս երեք փիլիսոփայական գլուխների դէպքում: Թէ՞ հայ աստուածաբանական լեզուն կայացած է, եւ առանձնապէս խնդիր չկայ:

Մի բան ասեմ, գուցէ զարմանալի թուայ, բայց դա իմ փորձն է. մասնագիտական գրականութիւն թարգմանելը շատ աւելի հեշտ է, քան գեղարուեստական գրականութիւնը: Աստուծաբանական գրականութիւնը՝ իբրեւ մասնագիտական գրականութիւն, յստակ սահմաններ ունի: Այն նախեւառաջ գործառնում է աւետարանական եզրութաբանութեամբ, որը կազմաւորուած է: Այս իմաստով հեշտ էր թարգմանութիւնը: Հիմնական դժուարութիւնը Օգոստինոս Երանելու միտքը ընկալելն է, խօսքի ետին կողմը տեսնելը: Այդ շերտը լրացնելու համար ծանօթագրութիւններ կան, որ կազմել է Յակոբ Քեոսեանը: 

Ի դէպ, ինչո՞ւ Օգոստինոս, այլ ոչ թէ Ավգուստինուս, որ լատիներէնին աւելի մօտ է: Եւ որտեղի՞ց է գալիս «Երանելի» մակդիրը: Կաթոլիկները նրան սուրբ են համարում եւ այդպէս էլ դիմում են: «Երանելի»ն ինչպէ՞ս է յայտուել հայերէնում, ռուսերէնի՞ց է փոխառուել:

Անկեղծ ասած՝ չեմ կարող այդ հարցին յստակ պատասխանել, բայց, այնուամենայնիւ, կարծում եմ, որ տուրք ենք տուել ռուսական աւանդոյթին: Մեր Եկեղեցում չկայ այդ «Երանելի» մակդիրը: Պարզապէս «Օգոստինոս Երանելի»ն այնքան տարածուած էր մեզանում, որ չէի էլ մտածել այդ մասին՝ ճիշտն ասած:

Որոշակի եւ յստակ պատճառաբանութիւն կա՞յ, թէ ինչու է, օրինակ, Գրիգոր Նիւսացին կամ Բարսեղ Կեսարացին սուրբ համարւում Հայ Առաքելական եկեղեցու համար, իսկ Օգոստինոսը՝ ոչ: 

Պատճառն այն է, որ Ձեր յիշատակած մարդիկ, ընդհանրապէս, այսպէս կոչուած, կապադովկեան հայրերը Աղեքսանդրեան եկեղեցու հետեւորդներ են, ինչպէս որ Հայ եկեղեցին: Ուստի հասկանալի է, որ ընդհանրութիւնները շատ աւելին կը լինեն, քան այլ եկեղեցու հետեւորդների հետ: Բացի դրանից, կայ մի փոքրիկ հանգամանք եւս. Օգոստինոսի աստուծաբանական ուսմունքի մէկ-երկու դրուագներ քննադատուել են: Մասնաւորապէս՝ փրկութեան նախասահմանութեան եւ մար-դու ջանքերի անկարեւոր, ոչ վճռորոշ լինելու գաղափարը: Դա, իհարկէ, սերում է Պօղոս Առաքեալի մի խօսքից, որ փրկութիւնը մեզնից չէ, այլ Աստծուց է: Եւ սա կարող է Օգոստինոսի նկատմամբ սառը վերաբերմունքի պատճառներից մէկը լինել: Բայց Խոստովանութիւններում նման շեշտադրումներ չկան: Դրա համար դժուարանում եմ հասկանալ, թէ ինչու այս աշխատութիւնը չի թարգմանուել: 

Փաստօրէն՝ Օգոստինոսն ուղղակի ու էական ազդեցութիւն չի ունեցե՞լ հայ աստուծաբանական մտքի վրա: 

Ո՛չ: Մեծ ազդեցութիւն չկայ: Միայն ջերմ խօսքերով յիշատակումներ կան, օրինակ՝ Տաթեւացու աշխատութիւններում: Բայց Օգոստինոսի ասածների վրայ յենուելու եւ ուսմունք կառուցելու առաջարկներ չկան: Թէեւ կարծում եմ, որ, անշուշտ, արժանի է թարգմանութեան նրա Սուրբ Երրորդութեան մասին գիրքը, որ շատ լուրջ ու ծանրակշիռ գործ է: Խոստովանութիւնների 9-11րդ գլուխների խորութիւնը կայ այնտեղ աւելի խտացուած ձեւով: Ընդ որում, ծաւալուն չէ՝ մօտաւորապէս Խոստովանութիւնների չափ: Հիանալի կը լինէր, եթէ թարգմանուէր Աստծոյ քաղաքի մասին գիրքը, որը, սակայն, շատ մեծ աշխատանք է: Երեւի արժէ հատորներով անել: 

Ժամանակակից հայ աստուծաբանական մտքի ոլորտը, կարելի է ասել, չընթերցուած, չնուաճուած տարածք է: Ձեր կատարած թարգմանութիւնները կարծես այդ բացն են լրացնում՝ այսօրուայ լեզուով հնչեցնել աւանդական աստուծաբանական միտքը: Իսկ արդի հայ աստուածաբանական միտք կա՞յ, թէ՞ մենք սահմանափակուած ենք միջնադարը մեկնաբանելու աշխատանքներով:

Աստուածաբանական ոլորտը ամենեւին փակ տարածք չէ, թէեւ այդ տպաւորութիւնը կայ: Երբեմն ինձ էլ հարցնում են, թէ ինչ գործ ունեմ աստուծաբանութեան ոլորտում, եթէ իմ մասնագիտութիւնը ֆիզիկան է: Ստեղծուել է կաղապար, որ եկեղեցական աստուածաբանութիւնը առանձին տարածք է, ասենք, ինչպէս դեղագործութիւնը, եւ ոչ դեղագործներն իրաւունք չունեն զբաղուելու դրանով, որովհետեւ վնաս կը տան: Բայց դա նոյնն է, թէ ասել՝ ոչ ոք իրաւունք չունի Աւետարանը կարդալ, բացի հոգեւորականներից: Բայց չէ որ Աւետարանը հասանելի է բոլորին, եւ աստուածաբանութիւնը Աւետարանի շարունակութիւնն է: Առնուազն հայ եկեղեցում աստուածաբանութիւնը չի վերածուել յատուկ կաստայական գիտութեան՝ լի դժուարահասու եզրաբանութեամբ, որ կարող է շփոթեցնել մարդուն: Առաւելապէս պարզ է աստուծաբանական լեզուն, եւ հէնց դա է Հայ եկեղեցու ուժը: Այդ լեզուն կենդանի է այսօր: Խոսրովիկի աշխատութիւններն ընթերցելիս ես մի բացայայտում արեցի ինձ համար. այն բոլոր խրթին հարցերը, որ արծարծւում, ծամծմւում են դրսի եկեղեցիներում, վաղուց իրենց պատասխաններն ստացել են հայ եկեղեցում եւ այն էլ պարզ, հասկանալի, յստակ լեզուով: Աւելին, նոյնիսկ այսօրուայ ծագող հարցերի պատասխանները կան Հայ եկեղեցու հայրերի գրուածքներում: Կոպիտ ասած՝ հայ աստուածաբանութիւնն ուղիղ կապ է Աւետարանի եւ ժամանակակից կեանքի միջեւ: Մեր եկեղեցին կարողացել է պարզ լեզուով պատասխանել խրթին թուացող հարցերին: 

Ինչ-որ խնդիրներ ու մարտահրաւերներ կա՞ն արդի հայ աստուածաբանական մտքի առջեւ:

Գուցէ արմատական թուայ ձեւակերպումս, բայց կարծում եմ՝ այսօր չկայ գիտակցումը, թէ մենք ինչ գանձ ունենք: Ես դրանում համոզւում եմ ամէն օր: Հարցը միայն այն չէ, որ ես փնտրում ու կարդում եմ այդ գանձերը: Երբ խօսում եմ արտասահմանցու հետ, նա ապշում է Աւետարանի հայ միջնադարեան մեկնաբանութիւնների խորութիւնից: Մի օրինակ բերեմ. Հաւատոյ Հանգանակի մէջ չկայ մարդկային բնութիւնը, կայ միայն աստուածային բնութիւն: Դա պատահական չէ: Սկզբում ինձ կասկածելի էր թւում, թէ ինչու չի խօսւում Քրիստոսի մարդկային բնութեան մասին: Մտածում էի՝ դա այն պատճառով է, որ մենք ճանաչում ենք Քրիստոսի միայն մէկ բնութիւն: Բայց պարզուեց, որ Կիւրեղ Ալեքսանդրացին է առաջինը նկատել, որ հայրերը խօսել են մէկ բնութեան մասին: Նոյնիսկ երբ Քրիստոս մարդացաւ ու մարմին առաւ, այդ դէպքում էլ Նա շարունակում էր Աստուած լինել իր բնութեամբ: Քրիստոսի մարմինը ծագումով, էութեամբ մարդկային է, բայց բնութեամբ աստուածային է: Մարմինը նիւթական է, բայց վարւում է աստուծային բնութեան ձեւով: 20րդ դարի գիտութիւնն էլ համահունչ է այս իրողութեան հետ: Քուանտային մեխանիկայում եւս հանդիպում ենք այդպիսի երկւութեան. միեւնոյն առարկան ունի ե՛ւ ալիքային յատկութիւն, ե՛ւ մասնիկային: Մեր բանականութիւնը մինչեւ այժմ էլ չի կարողանում պատկերացնել դա, բայց դա այդպէս է: Այդպէս է եւ վերջ: Ուստի արդի հայ աստուծաբանութեան առաջին խնդիրը այդ գանձի ճանաչումն է: Երկրորդը՝ դրա կիրառումը այսօրուայ կեանքում, ինչպէս որ արել ենք դարեր շարունակ: Այսօր կան բազմաթիւ ախտաւոր երեւոյթներ, որոնք իրենց լուծումն ունեն, ունեցել են հայ եկեղեցում: Մտաւոր ճիգ է հարկաւոր՝ դրանք կիրառելու համար՝ հետեւելով ոչ թէ ինչ-որ իզմի, այլ յենուելով Աւետարանից եկող վարդապետութեան առողջ հիմքի վրայ: Եւ երրորդ գործնական առաջարկը. մեր դպրոցներում դասաւանդւում է միայն դարվինականութիւն, ես կ’առաջարկէի, որ ներկայացուէր նաեւ դրա քննադատութիւնը, ինչպէս նաեւ բուն արարչական տեսութիւնը:

  1. Տե՛ս Հ. Միքայէլ Ագեան, Եռամեծ Օգոստինոս Աւրելիոսի գիշերային խորհրդածութիւններ, Die Wiener Mechitaristen Kongregation, Վիեննա, 1993։ Տե՛ս նաեւ Պոլսոյ Ժամանակ թերթի Նոյ. 5, 2007ի եւ Փետր. 11 2008ի թիւերուն մէջ՝ Մաշտոց քահանայ Գալփաքճեանի յօդուածները։ Բայց յետագայում պարզեցինք, որ Օգոստինոսի “Աստծոյ քաղաքը” աշխատութիւնն ամբողջութեամբ թարգմանուել է հայերէն եւ հրատարակուել։ Թարգմանիչը Մխիթարեան միաբանութեան անդամ Հ. Գաբրիէլ վրդ. Աւետիքեանն (1751-1827) է։ Թարգմանութիւնը երկու հատորով (Ա. հատոր՝ 684 էջ, Բ. հատոր՝ 676 էջ) լոյս է տեսել նրա մահուանից յետոյ՝ 1841 թուականին Վենետիկի Սուրբ Ղազար տպարանում։ Գրքի տիտղոսաթերթին վերնագիրը գրուած է այսպէս. «Սրբոյն Օգոստինոսի Հիպպոնայ եպիսկոպոսի Յաղագս քաղաքին աստուծոյ»։